ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-Պարոն Մելքումյան, հանրաքվեի քարոզչության ԲՀԿ-ի «ձիուկները» որո՞նք են լինելու, ի՞նչ բաղադրիչների վրա եք կառուցելու այն:
-Ինչպես գիտեք, ԲՀԿ-ն ստեղծել է առանձին շտաբ, և մեր քարոզչությունը պետք է խարսխված լինի ԲՀԿ ծրագրի վրա, բխի նրանից:
-Իսկ փո՞ղը, որտեղի՞ց է «խարսխվելու» և հայթայթվելու այն:
-Մենք պատգամավորներ ունենք, մեր կուսակցությունը գործարարներ ունի, անդամավճարներ ենք հավաքում:
-Բացառապես այդպե՞ս:
-Բացառապես` այո՛:
-Եվ որևէ խնդիր այդ առումով չունե՞ք:
-Չունենք: Հաշվի առեք, որ մենք ունենք պատրաստի կուսակցական գրասենյակներ բոլոր մարզերում, որոնք տարին բոլոր գործում են, և այդ առումով նույնպես խնդիրներ չունենք` նորերն ստեղծելու, գումար ծախսելու: 67 գրասենյակ ունենք:
-Աշխատավարձ տալի՞ս եք շտաբականներին:
-Շտաբի պահպանման համար, իհարկե, ծախսեր են սահմանված:
-Աշխատավա՛րձ, պարոն Մելքումյան, շտաբականներին տրվո՞ւմ են և որքա՞ն:
-Աշխատավարձերով ես չեմ զբաղվում, համապատասխան մարդիկ կան, որոնք զբաղվում են:
-Տեղեկություն կա, որ առաջիկայում` հանրաքվեից հետո, ԲՀԿ-ն համագումար է անելու, ե՞րբ է կոնկրետ նախատեսված:
-Համագումարի հետ կապված վերջնական որոշում չունենք:
-Ինչո՞ւ:
-Որովհետև մտածում ենք` հերթական համագումարն անել, ոչ թե արտահերթ: Հերթականը կլինի փետրվարին:
-Արտահերթի պահով վախենում եք հեղաշրջո՞ւմ լինի կուսակցությունում:
-Ի՞նչ հեղաշրջում: Որտե՞ղ:
-Առանձին վերցրած ԲՀ կուսակցությունում:
-Չեմ կարծում:
-Իզուր, իր օրերում ուժեղ հեղափոխական էիք, ամբողջական իշխանափոխության էիք գնում: Հեղափոխության կայծերը երբեք չեն մեռնում, պարոն Մելքումյան, նրանք քնում են, հանգստանում և մի բարենպաստ օր զարթնում են ավելի ուժեղ թափով: Ընդ որում, ահագին մեծացած են լինում էդ զարթնած ժամանակ` բոյ-բուսաթով:
-Չեմ կարծում, չեմ կարծում: Մեր շարքերը ամուր են, կուռ են:
-Իսկ սրե՞րը, սո՞ւր են սրերը:
-Մեր շարքերը մեզ ողջունում էին, երբ մենք վերջերս անցնում էինք մարզերով, որպես գաղափարակական թիմ:
-Իսկ Ծառուկյա՞նը, ո՞ւր է նա, հանդիպո՞ւմ եք նրա հետ:
-Չէ, ի՞նչ խնդիր կա, մենք հանդիպում ենք, մեր հարաբերությունները նորմալ են:
-Բա որ հանկարծ հետ եկավ, ի՞նչ եք անելու:
-Քաղաքականության մեջ «եթե»-ներով, «բայց»-երով, «բա որ»-ներով չեն առաջնորդվում:
-Իսկ ինչպիսի՞ն են ԲՀԿ զգացողությունները Տիգրան Սարգսյանի ԵԱՏՄ «վարչապետացման» առումով:
-Գիտե՞ք ինչ, մենք բացարձակապես անձերի հետ խնդիրներ չունենք: Ցանկացած երևույթի, որը մեր ազգային շահերից է բխում, մենք կողմ ենք: Կուսակցությունը չի կարող իջնել ու անձերի խնդիր քննարկել:
-Մի՞թե, ի՜նչ եք ասում:
-Այո՛: Շատ հստակ եմ ասում:
Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ